Սիրելի հայրենակիցներ, սիրելի մարզասերներ,
2025 թ․-ը հաղթանակների ու ձեռքբերումների տարի եղավ հայկական կարատեի համար։ Մեր ֆեդերացիայի և մարզիչների արդյունավետ աշխատանքի ու մարզիկների հաղթանակների շնորհիվ աշխարհում բարձրացավ հայկական կարատեի հեղինակությունը, Հայաստանի հեղինակությունը։ Սպորտային յուրաքանչյուր հաղթանակ նաև մեր երկրի հաղթանակն է։ 2025-ին մենք առաջին անգամ Երևանում հյուրընկալեցինք Եվրոպայի առաջնությունը, որն անցկացրեցինք պատվով, և Հայաստանը մեր հյուրերի համար դարձավ ամենասիրելի երկրներից մեկը։
Գալիք տարում մենք պատրաստվում ենք ավելի շատ անգամներ բարձրացնել մեր եռագույնը միջազգային տարբեր հարթակներում, բարձրացնել մեր երկրի հեղինակությունը։
Հայրենիքը շենանում է, երբ ամեն մեկը իր տեղում արդյունավետ կատարում է իր առաքելությունը։ Մենք՝ մարզաշխարհի ներկայացուցիչներս, մեր համեստ լուման ենք ներդնում մեր երկրի շենացման հարցում և պատրաստ ենք անել ավելին։ Թող գալիք տարին կրկնապատկի թե’ հայկական սպորտի, թե’ Հայաստանի ձեռքբերումները, լինի վերելքի ու հաղթանակների տարի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ
Վազգեն Հարությունյան

