Եվրոպայի արծաթե մեդալակիր Մհեր Ղազարյանը կստանա ամենամսյա թոշակ նաև ՀԿԱՖ-ի կողմից

2020 թվականին, չնայած կորոնավիրուսի բերած սահմանափակումների և պատերազմի հետ կապված դժվարություններին, Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան այնուամենայնիվ գրանցեց աննախադեպ հաջողություն՝ ֆեդերացիայի մարզիկ Մհեր Ղազարյանը Եվրոպայի առաջնությունում 14-15 տարեկանների -52կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ։ Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի որոշմամբ՝ Մհեր Ղազարյանի անձնական մարզիչ Արման Մակյանը այսօր ստացավ միանվագ պարգևատրում 500 հազար դրամ ՀԿԱՖ-ի կողմից, ինչպես նաև Վազգեն Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց այսուհետ յուրաքանչյուր ամիս Մհեր Ղազարյանին վճարելու անվանական թոշակ՝ 50 հազար դրամի սահմաններում։ Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան շարունակելու է խրախուսել Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների մեդալակիրներին, աջակցել բոլոր այն մարզիկներին, ովքեր ձգտում և հնարավորություն ունեն հասնել արդյունքների։ Ֆեդերացիան շարունակելու է իր ջանքերը՝ հայկական կարատեի վարկանիշը բարձրացնելու և կարատեն Հայաստանում ավելի լայն տարածելու ուղղությամբ։Նշենք նաև, որ Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճելու համար Մհեր Ղազարյանը, նրա անձնական մարզիչը, հավաքականի գլխավոր մարզիչն ու հավաքականի երկրորդ մարզիչը դրամական միանվագ պարգևատրում են ստացել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից, նաև Մհեր Ղազարյանին, նրա անձնական մարզչին և հավաքականի գլխավոր մարզչին պետության կողմից նշանակվել է ամենամսյա թոշակ: